Հրապարակի մետրոյի հարակից տարածքում ԿԳՄՍ նախարարության թույլտվությամբ և 6000 դոլար ֆինանսավորմամբ իրագործված անհասկանալի ներկայացումը մի քանի օր է հանրության քննարկման ծիրում է։ Սակայն ամենավատն այն է, որ դրա մասին մտավորականությունը, մշակույթի ներկայացուցիչները մի բառ չեն ասում։ Էլ ո՞ր օրվա համար է նրանց խոսքը։ Թե՞ համաձայն են, որ դա մշակույթ համարվի։ Հանրության շրջանում արդեն ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջն է հնչում, իսկ այդ նախարարությունում իրավիճակն այս օրերին շատ խառն է։ Նախօրեին ԿԳՄՍ նախարարության մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը իր ֆեյսբուքյան էջում մեջբերել էր Սահմանադրության 43-րդ հոդվածը, ըստ որի, «յուրաքանչյուր ոք ունի գրական, գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատություն»։ Ըստ մեր աղբյուրների, երեկ ողջ օրն այս նախարարությում իրարանցում էր, խոսնակի գրառումը դժգոհությունների առիթ էր դարձել, ավելին, դա համարում էին Արայիկ Հարությունյանի դեմ ուղղված դժգոհության սլաքների հիմնական պատճառը։ Այլ խոսքով, փորձում էին իրավիճակի ողջ բեռը «կոտրել» Կժդրյանի գլխին։
Ի դեպ, խոսնակի այս գրառումից և Արայիկ Հարությունյանի այն հայտարարությունից հետո, թե մշակույթում գրաքննություն չկա, «Վետօ» շարժման անդամ Նարեկ Մալյանը պաշտոնապես դիմել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, որպեսզի թույլատրեն նոյեմբերի 7-ին, ժամը 19։00-ին Հանրապետության հրապարակի մետրոյի հարակից տարածքում «Ազատագրել քաղբանտարկյալ Արսեն Բաբայանի մարմինը «Վարդաշեն» ՔԿՀ-ից» ֆուտուրիստական ներկայացումը բեմադրել։ Ավելին, Մալյանը մտադիր է բեմադրել «Դեբիլների ապստամբություն» բալետը և «Թավշյա դդում» ֆուտուրիստական մյուզիքլը, որոնց ֆինանսավորման պահանջով կդիմի կրկին ԿԳՄՍ նախարարություն։ Ինչպես ասում են՝ ամեն փորձանք մի խրատ է, դե, մեր օրերում էլ ո՛չ փորձանքի վերջն է երևում, ո՛չ խրատի։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ